Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մեծ եղեռնը վերապրածի հուշերը վերածնվել են գրքի տեսքով

Մեծ եղեռնը վերապրածի հուշերը վերածնվել են գրքի տեսքով
25.04.2014 | 11:03

ԵՊՀ-ում տեղի ունեցած «Եթե լռենք, քարերը կաղաղակեն» գրքի շնորհանդեսը գրքում զետեղված են Եղեռնը վերապրած Հրաչյա Գևորգյանի հուշերը:

Գրքի հրատարակությունն իրականացվել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ: Երեք տարի առաջ նրա ձեռքերում են հայտնվել անտիպ էջեր, որոնք այսօր արդեն վեպ-հուշագրության տեսքով ընթերցողների սեղանին են:
Գիրքը պատմում է Վանի նահանգի բնակչության տեղահանության ու կոտորածների մասին: Հեղինակն իր կյանքի պատմությունը ներկայացնում է իրական պատմական իրադարձությունների կիզակետում: Փաստագրական հարուստ նյութի հիման վրա հեղինակը նկարագրում է ոչ միայն իր ծննդավայրի, այլև հարևան գյուղերի բնակչության դաժան կյանքը 20-րդ դարասկզբին թուրք և քուրդ ավազակների տիրապետության տակ: «Կարծում եմ՝ պատմական հիշողությունը շատ կարևոր է ազգային ինքնությունը պահպանելու առումով: Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ սա մեծ նվեր է հայ ժողովրդին»,- նշեց ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:
Տիկին Բաղդասարյանը ներկայացրեց հեղինակի կենսագրությունը, խոսեց գրքի առանձնահատկությունների մասին. «Դրանում օգտագործված են և՛ գրական, և՛ խոսակցական ոճերը, շատ են նաև քրդերեն ու թուրքերեն բառերը: Խմբագրելիս աշխատել ենք չհեռանալ հեղինակից: Եղեռնին հաջորդած հասարակական-քաղաքական կյանքը ևս տեղ է գտել գրքում»:
Գրքի ծավալուն առաջաբանը գրել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Խմբագրական աշխատանքները կատարել են Հասմիկ Բաղդասարյանն ու լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, իսկ պատմաբան Գեղամ Բադալյանը կազմել է գրքում առկա տեղանունների բառարան ու դրանց քարտեզները: «Գրքում կան փաստեր, որոնց մասին մենք՝ պատմաբաններս, գիտեինք միայն պատմական աղբյուրներից: Նորդուզի գավառակի Դիմ գյուղում ապրող ցանկացած թուրք կամ քուրդ, ծանոթանալով այս աշխատությանը, վայրկյան անգամ չի կասկածի, որ այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, որովհետև 12 տարեկան պատանու պատանեկան հիշողությունների վերարտադրությունն է»,- գրքի պատմական արժեքի մասին է խոսում Աշոտ Մելքոնյանը:
«Գիրքը կարելի է գիտական ուսումնասիրություն համարել, այն սկզբնաղբյուրի նշանակություն ունեցող գիրք է: Եվ ամենակարևոր արժեքներից մեկն էլ այն է, որ պահանջատիրություն է, այլ ոչ թե պարզապես գեղարվեստական ստեղծագործություն»,- ասում է պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով մեջբերեց գրքի բազմաթիվ դրվագներ ու որպես պատմաբան՝ տվեց դրանց մեկնաբանությունը:
Ի դեպ, Հրաչյա Գևորգյանը ծնվել է 1902-ին Վանի գավառի Նորդուզ գավառակի Դիմ գյուղում: Կոտորածից փրկվելով՝ հասել է Էջմիածին, այնուհետև տեղափոխվել Երևան: Մանուկ հասակում տեսածն ու զգացածը տարիներ անց նա փոխանցել է թղթին, ինչն էլ նրա թոռները որոշել են վերածել գրքի: Ինքը՝ հեղինակը, մահացել է 1987-ին:

Դիտվել է՝ 2166

Մեկնաբանություններ